Իսրայելն ու Ռուսաստանը կշարունակեն զինել Ադրբեջանին

19

Այսօր Բաքվում մեկնարկել է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ADEX-2014 ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 170 ընկերություն աշխարհի ավելի քան 30 պետություններից: Իսրայելական կողմի մասնակցությունն այս ցուցահանդեսին բավական պատկառելի է: Հետաքրքիր է, որ այս օրերին Ադրբեջանում է Իսրայելի պաշտպանության նախարարը, և շատ հավանական է՝ այս երկու երկրների միջև սպառազինությունների ոլորտում նոր համաձայնագրեր կնքվեն:

Նշենք, որ Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում  արդեն իսկ Ադրբեջանի գլխավոր գործընկերներից մեկն է: 2012 թվականին երկու երկրները սպառազինությունների ոլորտում մեծածավալ  համաձայնագիր կնքեցին, որի ընդհանուր արժողություն էր շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դոլար: Այդ մի գործարքի շրջանակներում Ադրբեջանը իսրայելական ընկերություններից ձեռք բերեց մի շարք ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:

Ինչ վերաբերվում է Բաքվում անցկացվող ցուցահանդդեսին, ապա պետք է նշենք, որ Բաքվում իրենց արտադրանքն են ներկայացնում Իսրայելում  գործող միանգամից 16 ռազմաարդյունաբերական ընկերություններ: Դրանց թվում են անօդաչու թռչող սարեր արտադրող  Elbit Systems և Aeronautics ընկերությունները: Բաքվի ցուցահանդեսում իր արտադրանքը կցուցադրի տանկերի, ռազմական օդանավերի և ուղղաթիռների վրա տեղադրվող օպտիկական սարքեր արտադրող Fibrotex Tech ընկերությունը:

Հետաքրքիր է նաև նշել, որ Ռուսաստանը ևս մասնակցում է ADEX-2014 միջազգային ցուցահանդեսին իր ուղղաթիռներով: Ռազմական արդյունաբերության ընկերությունը ներկայացրել է իր նոր հետախուզական-գրոհային Կա-52 Ալիգատոր ուղղաթիռը:

Ի դեպ, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոր Ալիգատորի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքում է սպասվում: Հավելենք, որ Ռուսաստանը այս երկրին մատակարարել է թե կոմերցիոն, թե ռազմական ուղղաթիռներ: