Իհարկե, պետք է ուժ կիրառվի

12
«Ոստիկանությունն ուժային կառույց է և օրենքով սահմանված դեպքերում և կարգով, իրավունք ունի կիրառել ուժ։ Ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար, քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում, տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե, պետք է ուժ կիրառվի»,- ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ արձագանքելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը։

Մարուքյանը՝ հակադարձելով վարչապետի հայտնած այն մտքին, որ դիմակ կրելու պահանջին չենթարկվելու համար ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել քաղաքացու նկատմամբ՝ նշեց. «Մարդու թևը ոլորեցին, լավ, երևի դիմադրել է, ասել են՝ դիմակ չես դրել: Բայց մենք դրվագ ունենք, երբ ոստիկանը ոտքը դնում է քաղաքացու գլխին: Մինչև քննություն տեղի չունենա, չենք իմանա՝ համաչա՞փ ուժ է կիրառվել: Առերևույթ անհամաչափ է և այս առումով կարծում եմ, որ ուժային կառույց ասելով՝ մենք սկսում ենք ուժը բերել առաջին պլան՝ իրավունքի գերակայության և օրենքի փոխարեն»: