ԱԺ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակի անդամները ներկայացրին իրենց 12 պահանջները՝ ուղղված իշխանությանը: Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց պահանջում են, որպեսզի այս պահանջները իշխանությունները կատարեն մինչև տարեվերջ:
Քառյակն իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ խնդիրները՝
Առաջին՝ վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարվող պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել ՍԴ ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ներգրավմամբ:
Երկրորդ, վերանայել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը դարձնել առնվազն 75 տոկոս: Սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափը չի կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի տասը տոկոսը:
Երրորդ պահանջը հետևյալն է՝ առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիներին փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը վերացնել, հանել սահմանի վրա ԱԱՀ գանձումը:
Չորրորդ կետով քառյակն առաջարկում է կրկնապատկել գյուղացիական տնտեսություններին տրվող սուբսիդավորման չափը:
Հինգերորդ կետով առաջարկվում է գյուղատնտեսական արտարժութային վարկերը վերածել դրամային վարկերի, գյուղացիներին ժամկետ տալ վարկային չմարած պարտավորությունները մարելու համար՝ ազատելով նրանց տուգանքներից:
Վերցերորդ կետը վերաբերում է Նաիրիտ գործարանի վերագործարկման ծրագրին, գործարանի աշխատակիցների չվճարված աշխատավարձի պարտքի մարմանը:
Յոթերորդ կետով քառյակի անդամներն իշխանություններից պահանջում են բացառել Որոտան ՀԷԿ-ի գույքի վաճառքը՝ առանց ԱԺ հաստատման:
Ութերորդ կետը վերաբերում է մատչելի, անվտանգ հանրային տրանսպորտի համալիր համակարգ ունենալուն, տրանսպորտի սակագնի բարձրացման բացառմանը:
Իներորդ կետով առաջարկվում է վերացնել տնտեսական մենաշնորհները և ազատ տնտեսական գործունեությունը երաշխավորելու մեխանիզմներ ստեղծել:
Տասներորդ կետով առաջարկվում է Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնց համաձայն՝ ԱԺ արդեն հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեն հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով:
Տասնմեկերոդ կետով քառյակը պահանջում է ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ապահովումն ու ընդդիմությանն օժտել վերահսկողական ֆունկցիաներ:
Տասներկուերորդ կետով քառյակը պահանջում է չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:











