Ժաննա Գալստյանի հուշերը Ռոբերտ Արզումանյանի մասին

41

«Ազատ Ձայն»-ը շարունակում է ներկայացնել Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Ժաննա Գալստյանի հուշերը: Այս անգամ նա պատմում է պետական գործիչ Ռոբերտ Արզումանյանի մասին:

«Պիոներ պալատի հերթական հաշվետու ցերեկույթին բեմ բարձրացավ կոկիկ հագնված, գեղեցիկ, լուրջ, խելացի դեմքով մի պատանի։ Կարդաց մի փոքրիկ պատմվածք։ Դահլիճը նրան ընդունեց հիացմունքով, իսկ Սուսաննա Բաբայանն ասաց.

 -Լա՛վ նայեք այս տղային և հիշե՛ք անուն-ազգանունը, հետո շատ եք լսելու:

Այդ պատանին Ռոբերտ Արզումանյանն էր։ Սուսաննա Բաբայանն իր գնահատականների մեջ երբեք չէր սխալվում, ճշգրիտ չափորոշիչ լիներ կարծես։  Նա անվարան գիտեր, թե իր որ սանից, ինչ է սպասվում ապագայում։

Պիոներ պալատի գրական խմբակը կազմավորվեց 1950 թվականին՝ Սուսաննա Բաբայանի նախաձեռնությամբ։ Սուսաննան Պարույր Սևակի, Վահագն Դավթյանի, Հրաչ Թամրազյանի համակուրսեցին էր. հմայիչ կին, որն ուներ գրականության ( և ոչ միայն) խորը գիտելիքներ, բարձր ճաշակ, վերլուծական-քննադատական այնպիսի զգացողություն, որ բացառիկ էր համարվում գրական  միջավայրում։ Նրա գնահատականը փնտրում էին, ակնկալում։ Մայրաքաղաքի դպրոցներից ընտրում էր ստեղծագործող աշակերտների, հրավիրում գրական խմբակ։ Ընկեր Սուսաննայի ընտրությունը ճշգրիտ էր լինում։ Նրա բոլոր սաները հետագայում դարձան գրական ընտրանի՝ տաղանդավոր, բեղմնավոր, գնահատված։ Ռոբերտն ամենախոստումնալիներից էր։ Նաև ամենասիրելին՝ զուսպ, լուրջ, հավաք, գեղեցիկ ու խելացի աչքերով, բոլորն ակնածում էին նրան, սպասում խոսքին։

 Սուսաննայենց տունը մեր մշտական հավաքատեղին էր։ Գևորգ Բեկթեմուրյանն ու Ռոբերտն ինձ ասում էին.

-Դու մեր խմբակի մերանն ես, բոլորիս քո սիրով ու ջերմությամբ կապում ես իրար։

1965 թվականից ավանդույթ դարձավ Զատիկի տոնը մեր տանը նշելը։ Սուսաննան այդ ժամանակ հիվանդ էր, մենք նրան խնամեցինք և 1968-ի նոյեմբերին մեր ձեռքերով հողին հանձնեցինք՝ 45 տարեկան հասակում։

Զատիկը նշում էինք շատ գեղեցիկ, հայկական ծիսակարգով,  ցերեկվա ժամը 12-ից մինչև ուշ գիշեր։ Հազվադեպ ուշացողները, գիշերվա որ ժամին՝ լիներ, գալիս էին այդ օրվա յուրահատուկ վայելքից չզրկվելու համար։ Դա նաև յուրովի ստեղծագործական հաշվետվության օր էր լինում։
Գրական խմբակի սաներս հարազատի նման կապված էինք իրար։ Նույնիսկ տևական բացակայությունները չէին ազդում մեր հարաբերությունների վրա։ Օտարացում, սառնություն հասկացություները մեզ այդպես էլ անհասկանալի մնացին։

Բժիշկ Լևոն Արևշատյանը երկար տարիներ աշխատում էր արտասահմանյան տարբեր երկրներում։ Ռոբերտը պատմում էր, որ Ալեքսանդրիայում, որտեղ ինքը փոխհյուպատոս էր, հրավիրվում է առողջապահության միջազգային խորհրդաժողով։ Կազմակերպչական հարցերով անընդհատ դուրս ու ներս է անում։ Հանկարծ միջանցքի ծայրին տեսնում է մի ծանոթ դեմք։ Երկու ընկեր երկար կանգնում են գրկախառնված, հուզված… Մոտ 10 տարի իրար չէին տեսել։ Պատահականությո՞ւն էր, նախախնամությո՞ւն։ Մտերմությունը վերահաստատվում է։

Հեռավոր Զիմբաբվեում Լևոն Արևշատյանը այժմ դարձյալ մնաց մենակ։ Ինչպե՞ս տարավ կորստյան ցավը, ինչո՞վ է մխիթարվում։ Գոնե մեր կողքին լիներ…

Գրական խմբակի սաները Ռոբերտի՝ Մոսկվայում և Լենինականում աշխատելու տարիներին հաճախ հանդիպում էին նրան։ Իր պարզ ու անմիջական, համեստ պահվածքը բոլորին դյութում էր։ Երբեք, երբևէ չզգացվեց, որ բարձրաստիճան պաշտոնյա՝ «կենտկոմական» է։ Ամենամյա մայիսյան հավաքներին, երբ գնում էինք Սուսաննայի շիրիմին խոնարհվելու, գալիս էր մեքենայով՝ աղջիկների համար, իսկ ինքը մյուսների հետ ավտոբուս էր նստում, որին հասնելու համար թռչում էր մայթեզրի ցանկապատերի վրայից։
Էությամբ տաք էր, խառնվածքով՝ բուռն։ Ռոբերտն ասպետ էր, բնածին ազնվական։ Հաճախ էի գործուղման գնում Լենինական։ Մի անգամ ասաց, որ շատ բարդ գործ է ձեռնարկել՝ ստեղծել «Կումայրի» արգելոց-թանգարան։ Ամենաբարդը հրապարակի երկու եկեղեցիների խնդիրն էր, որոնք ծածկված էին շենքերով։

-Ինչ ուզում է անեն, այդ շենքերը քանդելու եմ, եկեղեցիները պետք է իրար նայեն, ի սկզբանե այդպես է նախատեսված եղել։

Եվ քանդեց։

Այն, ինչ նա արեց Լենինականի համար կվկայի ժամանակը։ Որ լենինականցիները սկզբում վերապահումով են ընդունել իրեն (տեղացի չէր), իսկ հետո շատ բարձր գնահատել, իմանում էի այն հիմնարկներից, ուր գործուղման էի գնում, ինչպես նաև կարսեցի քեռիներիցս։

1988 թվականին ես ամբողջ էությամբ տրվեցի Ղարաբաղյան շարժմանը։ Հայրենիքի մի մասն  էինք հետ բերում։ Բախտավոր էի զգում ինձ, որ մասնակցում էի այդ սուրբ գործին։ Միշտ մեղադրել եմ Ռոբերտին, որ դարձավ կուսակցական աշխատող, երբ փայլուն գրականագետ, գրող կարող էր լինել, որի հետ այդքան հույսեր էինք կապում։ Էլ չեմ ասում նրա գեղանկարչական ընդունակությունների մասին։

Գնացի իրենց տուն, պնդեցի, որ պարտավոր է ղեկավարել Ղարաբաղյան շարժումը, որ այն իր կոչումն ու պարտքն է։ Նկատի ունեի իր ազգային նկարագիրը, ազնվությունը և այլ բազում արժանիքներ։ Զրուցում էր, համբերատար բացատրում, վերլուծում…  հետո տեսնում էր վրդովմունքս, զայրանում էր։ Ինձ խոսք հասկացնել չէր լինում։ Միևնույն է, գտնում էի, որ իր տեսակը, եթե չղեկավարի Շարժումը, շատ բան կխաթարվի, կաղավաղվի…

Հաճախ, կարծես դիտմամբ, հենց միտինգ էր լինում Կենտկոմի շենքի առաջ, հայտնվում էր, տառացիորեն պինդ բռնում էր օձիքս և տանում իրենց տուն։ Ներս էր հրավիրում, զսպված զայրույթով կնոջն ասում.
-Իննա, մի սրան կերակրի, հաստատ ամբողջ օրը ոչինչ չի կերել։

Գլուխս կախ ուտում էի, որ լավ զգա իրեն։

Ղարաբաղյան շարժման ալիքը դեկտեմբերի 7-ին ինձ շպրտեց մանկական հիվանդանոցները, խնամելու, փայփայելու, մխիթարելու մեր որբուկներին։ Ի՜նչ չքնաղ էին մեր երեխաները։ Համակվել էին անափ տխրությամբ, դարձել լուռ ու համբերատար։ Հեշտ չէ ասել, թե ինչ տեսա ու զգացի այդ ամիսների ընթացքում և ինչպես չխելագարվեցի…

Հետո որբերի ցուցակագրում-հաշվառում, «Հայաստանի երեխաներ» հիմնադրամի ստեղծում։  Լուր է տարածվում, որ հանրապետությունից տեղափոխված երեխաներին որդեգրում են և չեն վերադարձնում։ Ահաբեկված նետվեցի Ռոբերտենց տուն։ Հանգստացրեց, հավատացրեց, որ ամեն ինչ հսկվում է։ Հետո մտահոգ նայեց վրաս, շատ էի հյուծվել, տեսքս հոգնած էր, տանջահար։
-Գիտեմ և գոհ եմ, որ քո սկզբունքներին չես դավաճանում, բայց հիմա ի՞նչ անենք քեզ հետ, ձեռքից գնում ես։

Իմ սիրելի, թանկագին ընկեր, մի նեղացիր, որ ամեն ինչի պատասխանը քեզնից էի պահանջում։ Ինձ համար դու խղճի, պատասխանատվության, ազնվության չափանիշ էիր, քեզ հավատում էի անվերապահորեն։

1991 թվականից հետո, երբ Ռոբերտը Եգիպտոսից արձակուրդ էր գալիս տուն, ես պարտավորվում էի զեկուցել իրեն բոլորի մասին մանրամասնորեն։ Իսկ ինքը քննախույզ նայում էր ինձ, վատ լուր չե՞մ թաքցնում։

Վերջին հանդիպումը 1999-ի սեպտեմբերին էր։ Շատ մտազբաղ ու տխուր թվաց։ Իրեն ոչ հատուկ անհանգստություն ուներ, հայացքը անընդհատ փախցնում էր։ Ինչպես միշտ՝ խոսեցինք Հայաստանի ապագայի մասին: Տագնապած էր, հուսահատ երանգներ նկատեցի խոսքի մեջ և կարոտ, անանց կարոտ՝ հայրենիքի, երեխաների, մտերիմների նկատմամբ։ Ասացի՝ արի Երևան, այստեղ շատ ես պետք։ Նայեցինք իրար ու երկար լռեցինք…

Հետո ընտանիքով ինձ ճանապարհեցին տուն։ Մեր տան մոտ իջա, հրաժեշտ տվեցի։ Նայեց լուռ։ Երբ մեքենան հեռանում էր և հետևի պատուհանից ձեռքով արեց, արցունքները մշուշեցին աչքերս։ Բնազդական մի մղումով հանկարծ զգացի, որ Ռոբերտն ինձ հրաժեշտ է տալիս՝ այլևս չենք հանդիպելու…

Կարոտ մնաց Հայաստանին…

Մենք կարոտ մնացինք նրան»։