«Թուրքիան փորձում է Երուսաղեմի հայկական թաղամասը գրավել». The Jewish Press-ի անդրադարձը

12

Հրեական The Jewish Press-ի առցանց տարբերակը հրապարակել է հոդված, որում անդրադարձ է արվել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին սպառնող վտանգներին:

Անդրադարձում նշվում է, որ Թուրքիան լայնածավալ ակտիվություն է դրսևորում Հին քաղաքում՝ թիրախավորելով հայկական և մյուս քրիստոնեական թաղամասերը: Տեղի բնակիչները կայքի լրագրողին պատմել են, որ վերջին տարիներին թուրք պաշտոնյաները փորձում են համոզել իրենց ժխտել մեկ դար առաջ թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:

Բնակիչներից մեկը կայքի հետ զրույցում մանրամասնել է, որ մի թուրք դիվանագետ դիմել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազարավոր լուսանկարների և փաստաթղթերի հավաքածու ունեցող փոքրիկ թանգարանի սեփականատեր Կահաբադիջան ընտանիքին՝ առաջարկելով դադարեցնել գործունեությունն ու զերծ մնալ փաստաթղթերի, տեղեկատվության տարածումից:

Նշվում է, որ այս ընտանիքի անդամներն իրենց կյանքը նվիրել են հարցի բարձրաձայնմանն ու Ցեղասպանության թեմայով մի քանի կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել: Իլյա Կահաբադիջանը, որի պապը վերապրել է Ցեղասպանությունը, կայքի հետ զրույցում պատմել է, որ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան փորձել է այդ թեմայից խոսել: «Ես գլխի ընկա, որ նա ցանկանում էր ինձ համոզել դադարեցնել հայերի սպանդի թեմայով գործունեությունը»,-պատմել է տղամարդը՝ հավելելով, որ պաշտոնյան սպառնալիքներ չի հնչեցրել իր հասցեին:

«Ես մատնացույց արեցի մուտքին, և նա հասկացավ, որ հայ համայնքը պատրաստ է շարունակել զբաղվել Ցեղասպանության հարցով: Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ նմանատիպ համաձայնագիր չի կնքվել»,- ասել է զրուցակիցը՝ որպես օրինակ բերելով Իսրայելի և Գերմանիայի միջև կնքված համաձայնագիրը, որի շրջանակում Գերմանիայի իշխանությունները փոխհատուցել են Հոլոքոստը վերապրածներին ու զոհերի ընտանիքներին:

Շարունակելով թեման՝ կայքը նկատում է, որ թուրքական կողմը փորձում է հայերի համար ֆինանսական տեսանկյունից շահեկան առաջարկներ անել: Հայկական թաղամասում անշարժ գույք ունեցողների պատմելով՝ թուրքական կառավարության ներկայացուցիչները վերջերս մի քանիսին 3000 դոլար են առաջարկել կարիքները հոգալու համար, սակայն բոլոր հայ բնակիչները մերժել են այդ առաջարկը, քանի որ քաջ գիտակցում են, որ գումարն առաջարկվում է լռության դիմաց:

Բացի այդ, կայքը տեղեկացրել է, որ թուրքերը փորձում են տիրանալ հայկական ակտիվներին: Մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները շոկի են մատնվել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իրական գինը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի: Քննության արդյունքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը եղել է Թուրքիայից: Այս դեպքից հետո տեղի համայնքի առաջնորդները հավաքվել են՝ քննարկելու համայնքի ունեցվածքը թուրքերի ձեռքում հայտնվելու գործընթացը կանխելու միջոցները:

Հայերի շրջանում դեռևս պահպանվում է վախն առ այն, որ թուրքերն ավելի շատ անշարժ գույք ձեռք կբերեն: Մի քրիստոնյա առևտրական, որը նախընտրել է անանուն մնալ, պատմել է, որ թուրքերը վերջերս իսլամական կրոնական հիմնադրամին, որը վերահսկում ու կառավարում է Երուսաղեմի Հին քաղաքի իսլամական շինությունները, փոխանցել են Հայկական թաղամասում անշարժ գույքի սեփականության վերաբերյալ շատ հին հավաստագրեր, որոնց մեջ եղել են նաև Օսմանյան կայսրության ժամանակահատվածին թվագրվող փաստաթղթեր: Առևտրականի խոսքով՝ թուրքերը հիմնադրամին խնդրել են վավերացնել այդ փաստաթղթերը. այդ փաստաթղթերով նրանք ձեռք են բերում հայկական ակտիվները: Հայկական թաղամասի բնակիչները չեն թաքցնում թուրքերի նախաձեռնությունների առնչությամբ ունեցած իրենց վախերը, բայց միևնույն ժամանակ վստահ են, որ թուրքերը բաց առճակատման չեն գնա, քանի որ արանքում չափազանց զգայուն հարցեր են:

Աղբյուրը նկատում է, որ Երուսաղեմում Թուրքիայի աճող ակտիվությունն ու «Մուսուլման եղբայրներ»-ին տրամադրվող աջակցությունն անհանգստացնում են Իսրայելի իշխանություններին: Երկրի հետախուզական ծառայությունն իր վերջին տարեկան զեկույցում առաջին անգամ Թուրքիային որպես սպառնալիք է ներկայացրել: Իսրայելի իշխանությունները հաճախ են բարձրացրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը՝ դա անելով ի պատասխան Թուրքիայի կողմից վարվող հակահրեական քաղաքականության, սակայն գործը ճանաչման այդպես էլ չի հասել:

Նշվում է, որ վերջին տարիներին Երուսաղեմի Հին քաղաքում նկատվում է թուրք զբոսաշրջիկների զգալի աճ: Այս առնչությամբ Իլյա Կահաբադիջանը նշել է, որ թուրք զբոսաշրջիկները ևս աշխատում են ընդդեմ հայերի՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները: Բացի այդ, թաղամասի շինությունների պատերին հայերին զրպարտող գրաֆիտիներ են արվում: