Թոշակառուներն իրենց կենսամակարդակի բարձրացման ակնկալիք ունեն, և պատճառը միայն իրենց ուղեղում չէ․ Մանե Թանդիլյան

16

«Թոշակառուները և նպաստառուներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն, և այդ վիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ։ 30 տարիների ընթացքում անօթևան ապրած քաղաքացիները կարող են սպասել և ակնկալել բարեկեցիկ պայմաններ և լուսավոր բնակարաններ Գյումրիում, և այս սպասումներից լարվել պետք չէ։ Այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո»։

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այսպիսի բառերով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն, ըստ էության, հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս օրերին հնչեցրած այն խոսքերին, ըստ որոնց՝ աղքատությունն առաջին հերթին մարդկանց ուղեղներում է։

Թանդիլյանի խոսքերով՝ այժմ նկատվում է այդ սպասումների նվազում և վստահության անկում, ընդ որում՝ ոչ թե իշխանությունների, այլ սեփական ապագայի նկատմամբ վստահության հարցում։

«Մենք կարող ենք չխոսել այդ մասին, կարող ենք ուղղակի լռել կամ չնկատել, բայց դրանից իրավիճակ չի փոխվի»,- ասաց Թանդիլյանը։