Թշնամու արձակած գնդակից զինվոր է զոհվել

13

Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Արթուր Սեյրանի Օհանջանյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տեղի ունեցածի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, մասնավորապես, որ «կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հերքել է իր առնչությունը շփման գծում հայ զինծառայողի մահվանը: