Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Տեղեկացնում է ՊԲ մամուլի հաղորդագրությունը։
Թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (16 արկ), 82 (28 արկ) և 120մմ (2 արկ) ականանետեր, ՌՊԳ-7 (1 հրթիռ) և ԱԳՍ-17 (30 արկ) տիպի նռնականետեր: Ըստ այդմ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (51 արկ) և կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (30 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին թշնամու հրետակոծությունների հետևանքով Տավուշում մահացել են 3 քաղաքացիական անձինք, Արցախում 4 զինվոր մահացել, իսկ վիրավորվել են 16-ը:











