«Թեև լեռը Թուրքիայի տարածքում է, սակայն շարունակում է մնալ հայերի սրտում». ԱՄՆ պետդեպի ամսագիր

17

ԱՄՆ պետքարտուղարության՝ ամեն ամիս հրատարակվող ամսագրի ապիրլյան համարում Հայաստանի վերաբերյալ ծավալուն հոդված է ներկայացվել:

Հատկանշական է, որ հոդվածի գլխավոր նկարում պատկերված է Արարատ լեռը, իսկ դրա ֆոնին Խոր Վիրապ վանքը: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հոդվածին՝ ենթադրելով, որ Հայաստանի մասին հոդվածն Արարատ լեռան նկարով հրապարակելու փաստը վստահաբար կբարկացնի Թուրքիային:

Հոդվածագիր Լիա Միլերը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմի անդամ է, նկատում է, որ Արարատը կամ Մասիսը Հայաստանի ազգային խորհրդանիշն է և հայտնի է իր վեհաշուք տեսարաններով:

«Հրաբխային ծագմամբ լեռն այժմյան Թուրքիայի տարածքում է, ինչի պատճառով այն հայերի համար դժվարհասանելի է: Այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ նրանց սրտերում՝ որպես մշակութային և պատմական հպարտության խորհրդանիշ»,-գրում է հեղինակը:

Հոդվածում անդրադարձ է արվում Հայաստանի պատմական անցյալին, հարուստ մշակույթին, համեղ խոհանոցին, երկու տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», ինչպես նաև որոշ ոլորտներում ՀՀ կառավարության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությանը: