Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունները «ոչ դիվանագիտական» են որակել

3

Ինչպես հայտնի է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀԽ անդամների հետ օնլայն քննարկմանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորեց թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։

Եվ ահա, ի պատասխան այս հայտարարության, Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության Ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հանդես է եկել հայտարարությամբ, որով «ոչ դիվանագիտական» է որակել ՀՀ Առողջապահության նախարարի վերոնշյալ հայտարարությունը, որով վերջինս կասկածի տակ էր առել կորոնավիրուսի հետ կապված վրացական վիճակագրությունը։ «Ռուսթավի 2» հեռուստակայանի եթերում Գամկրելիձեն հայտարարել է, որ զարմացած է նման գնահատականներից։ Նա նշել է, որ կասկածում է, թե Արսեն Թորոսյանը նման հայտարարություն արած լինի եւ չի բացառել, որ պարզապես լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել նրա խոսքերը։

«Ես անձամբ ճանաչում եմ Արսեն Թորոսյանին։ Մի փոքր զարմանալի է, որ նա այն էլ նման ռակուրսով հայտարարություն է արել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարեւաններ, եւ ունենք մեծ ընդհանուր պատմություն։ Զարմանալի է նրանից նման ոչ-դիվանագիտական հայտարարություն լսել»,- ասել է Գամկրելիձեն։

Հայաստանի Առողջապահության նախարարը նշել էր նաեւ, որ Վրաստանից Հայաստան եկած քաղաքացիների շրջանում շատ են եղել կորոնավիրուսով վարակվածները, ներառյալ նաեւ մեծ բեռնատարների վարորդների մոտ, ինչին Գամկրելիձեն հիշեցրել է, որ նման դեպքերում պետք է տեղյակ պահվեր Վրաստանին եւ ԱՀԿ-ին ըստ գործող միջազգային կարգի։ Անդրադառնալով վիճակագրության թափանցիկությանը, հատկապես մահացությունների դեպքերի եւ հաշվառման մեթոդաբանության հետ կապված, Գամկրելիձեն հայտարարել է, որ Վրաստանում թեստավորվում են բոլորը, ովքեր ունեն թոքաբորբ՝ բոլոր հոսպիտալներում եւ ամբուլատորիաներում։

Վրացի պաշտոնյան նաեւ ասել է, որ երբ իրենց վիճակագրություն են ներկայացնում կորոնավիրուսի թեստավորման հետ կապված, ներկայացնում են միայն ПЦР-թեստերը, իսկ էքսպրեսս թեստերը, որոնք ավելի նվազ հավաստի են համարվում, չեն ներառվում վիճակագրության մեջ։