Էրդողան. Թուրքիան պատմության ընթացքում եղել է «ցավերը կիսող» երկիր

9

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կ. Պոլսում Հայոց պատրիարքությանը, որտեղ Հայոց ցեղասպանությանզոհերի ոգեկոչման արարողություն է անցկացվում: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Պատմության ընթացքում Թուրքիայի մեր հայազգի հայրենակիցների ապրած ցավը ընդհանուր է, այն կիսելը թուրք ժողովրդի խղճի և բարոյականության թելադրանքն է: Դուք այսօր համախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանում՝ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում մահացած Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգելու համար: Եվս մեկ անգամ նրանց հիշատակին հարգանքի իմ տուրքն եմ մատուցում, իսկ նրանց երեխաներին, թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պոլսի Հայոց պատրիարք Արամ Աթեշյանին:

Ըստ Էրդողանի, Թուրքիան պատմության ընթացքում եղել է «ցավերը կիսող» երկիր: Նա ընդգծել է, որ «երբեք թույլ չի տա, որ իր քաղաքացիները խտրական վերաբերմունքի արժանանան իրենց կրոնի, ծագման պատճառով»: