Է. Նալբանդյանը համանախագահների հետ հանդիպմանը դատապարտել է ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը

9

Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել ‪‎Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։ Այս մասին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդյոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Նալբանդյանը մասնավորապես նշել է.

«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարևոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին մարդկային զոհերի գնով իրավիճակը սրում է՝  դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասել է. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։

Հանդիպմանը քննարկվել են իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։