Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի համաձայն՝ Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից և նշանակվել ՀՀ մշակույթի նախարար, փոխարինելով Հասմիկ Պողոսյանին: Վերջինս Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականի հունիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, փոխարինելով յոթ ամիս առաջ նախարար նշանակված Արծվիկ Մինասյանին: Մեկ այլ հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է բնապահպանության նախարար, փոխարինելով Արամայիս Գրիգորյանին: Վերջինս բնապահպանության նախարար էր նշանակվել 2014 թվականի ապրիլի 30-ին:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը, փոխարինելով Արմեն Մուրադյանին: Վերջինս ՀՀ Նախագահի հրամանագրով 2014 թվականի ապրիլի 23-ին նշանակվել էր Առողջապահության նախարար:
ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռուստամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, փոխարինելով Գաբրիել Ղազարյանին: Վերջինս նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թ. մայիսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք նախարարությունների ղեկավարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում:
Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Լևոն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար, Դավիթ Լոքյանին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար, Հրանուշ Հակոբյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար, Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, Արմեն Երիցյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Արտեմ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:











