Էդմոն Մարուքյանը հերքում է. Միքայել Մինասյանի հետ որևէ կապ չունի և նրան չի հանդիպել

20
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ այն, ինչ մայիսի 8-ին տեղի ունեցավ խորհրդարանում, առաջին հերթին քաղաքական բնույթ ունի, ուստի ակնկալում են քաղաքական հետևանքներ ու գնահատական:

«Ցավով, պետք է ասեմ, որ միջադեպից հետո վարչապետն իր ելույթով ըստ էության լեգիտիմացրեց խորհրդարանում տեղի ունեցած բռնությունը և սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր: Այդ արշավ այսօր էլ է շարունակվում և մեծ թափ է առել, և դրա մեջ կա խորքային մի հանգամանք, որը կրկին քաղաքական է: Խորհրդարանում հնչած այլընտրանքային, ընդդիմադիր սուր խոսքը որակել են՝ որպես սադրանք, իրականացրել են բռնություն և ասել, որ այդ բռնությունն արդարացված է: Այս ամենը ալիքաձև ազդելու է երկրում ընթացող բոլոր գործընթացների վրա, մարդկանց խոսքի ազատության, ընդդիմադիր ու այլընտրանքային խոսքի վրա: Այս առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, որով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
 
Մարուքյանը հիշեց նաև իր և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի լեզվակռիվը՝ շեշտելով, որ վերջինս է սկսել, նախ վիրավորելով Անի Սամսոնյանին հետո իրեն, ինչին հաջորդել է հայհոյանքը:
 
«Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ մեկի սրբության նկատմամաբ մեր կողմից ոտնձգություն չկա: Եթե մեր և մեր հետևորդների կողմից արված որևէ հայտարարություն նման կերպ է դիտարկվել, ապա ես ներողություն եմ խնդրում»,- ասաց Մարուքյանը:
 
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» և Միքայել Մինասյանի կապին, ինչի մասին շարունակ խոսում է իշխանությունը, Մարուքյանը հերքեց՝ պնդելով, որ իրենք Միքայել Մինասյանի հետ կապ չունեն. «ԼՀԿ-ն ոչ մի կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացած նախկինների հետ։ Այսուհետ երբևէ ԼՀԿ որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի, որովհետև այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների։ Դա չեղավ»: