«Զվարթնոցի» հին շենքը վտանգավո՞ր կառույց է

24

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ –ից հայտնում են, որ ի սկզբանե իրենց հիմնական նպատակը և պարտավորությունն է եղել ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունը և ապահովությունը: Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ Հայաստանի կառավարությունը հաստատեց մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր ուղևորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա ջեռուցման և լույսի վերահսկման համակարգ, ուղևորների ապահովության համար ժամանակակից սարքավորումներ: Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը կառուցվել է 1982թ, սակայն այլևս չի օգտագործվում և չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն և օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է` ապահովության և անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան:

2007թ մենք գործարկեցինք առաջին համալիրը, իսկ 2011թ պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը: Ռազմավարական առումով գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում Զվարթնոց միջազգային օդանավակայանը դարձել է տարածաշրջանային հաբ, որը կարող է տարեկան սպասարկել մոտ 3 միլիոն ուղևոր: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կառուցել է ավելի քան 19,000 քմ մակերեսով մեկնման և ժամանման նոր սրահներ (ստերիլ գոտի), կոմերցիոն տարածքներ, VIP սրահներ և ուղեւորների նստեցման կամրջակներ:

Ինչ վերաբերում է հին համալիրին, այն ներկայումս շատ վտանգավոր կառույց է: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման վրա, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում: Մենք մտադիր ենք և պատրաստ ենք արդիականացնել Զվարթնոց միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ և ժամանակ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աերոնավիգացիոն ստանդարտներին:

Հիշեցնենք, որ 2002 թ հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորպորասիոն Ամերիկա արգենտինական ընկերության միջև կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով Զվարթնոց միջազգային օդանավակայանը հանձնվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: