Երևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ Օր 10 (Տեսանյութեր)

13

«Իմ Քայլը» նախաձեռնության բողոքի ակցիաների 10-րդ օրն է արդեն: Առավոտյան ժամը 10ժին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանը հանդիպումը «Մարիոթ» հյուրանոցում: Հանդիպումը տևեց ընդամենը մի քանի րոպե, քանի որ Սերժ Սարգսյանը, չընդունելով Փաշինյանի պահանջը, հեռացավ՝ սպառնալով, որ Նիկոլը դասեր չի քաղել Մարտի 1-ից: Սարգսյանի հեռանալուց հետո Փաշինյանն ու երթի մասնակիցները շարժվեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, ինչպես որ նախորդ օրը հավաքին Փաշինյանը հայտարարել էր: 

Սակայն Էրեբունիում ոստիկանությունը կանխեց խաղաղ երթը՝ բռնություն կիրառելով ցուցարարների հանդեպ: Բռնի ուժով բերման ենթարկվեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն ՄԻքայելյանը և Արարատ Միրզոյանը, այդ թվում բազմաթիվ ցուցուարարներ: 

Ոստիկանության բռնությունը չկոտրեց ակցիայի մասնակիցներին և քաղաքի տարբեր հատվածներում շարունակվեցին երթերը: Քաղաքի տարբեր հատվածներում կենտրոնացած են մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր: 

Քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Բողոքի ակցիաները շարունակվում են, ցուցարարների մի մասը հավաքվել է Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել պատգամավորներին: