«Երեխեքի հեռախոսներն են տարել, իմ նոթբուքը»․ԱԱԾ-ն ինչ է փնտրել ԲՀԿ-ական պատգամավորի տանը. Հրապարակ

10
Հրապարակը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդան Ղուկասյանի եւ Վարդեւան Գրիգորյանի տներում։ Ըստ ամենայնի՝ խուզարկությունն իրականացվել է ընտրակաշառքի գործով, որով գլխավոր դատախազը միջնորդեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։

Վարդեւան Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ ԱԱԾ աշխատակիցներն իր տանը ցուցակներ են փնտրել։ Խուզարկությունն իրականացվել է երեկ կեսօրին, պատգամավորն ասաց, որ ինքն այդ ժամին տանը չի եղել․«Տարել են իմ նոթբուքը եւ երեխաների՝ թոռներիս հեռախոսները, երկու հատ, ընդ որում՝ նոթբուքը միայն գործուղումների ժամանակ էի հետս վերցնում» ,- տեղեկացրեց Վարդեւան Գրիգորյանը՝ շարունակելով․ «Տղայիս ասել են, թե ինչ-որ ցուցակներ են ման գալիս, ենթադրվում է, թե ինչ ցուցակներ։ Բայց ինչ ինչ, ինձ մոտ գոնե չպիտի ման գային․ ես 97 թվականին 4300 ձայնից 3700 ձայն եմ տարել Գերագույն խորհրդի ընտրություններին, ընդ որում՝ դրանից հետո մի քանի անգամ մասնակցել եմ ընտրություններին, քաղաքապետի 2016 թվականի ընտրություններին 11 հազար ձայն եմ հավաքել։ Չորս անգամ ընտրվել եմ եւ գրեթե միշտ պահպանել իմ ձայները, 2017 թվականին էլ 14 հազար ձայն եմ հավաքել, միայն վերջին ընտրություններին եմ 3 հազար ձայն հավաքել, բոլորդ էլ երեւի գիտեք, թե ինչու»։