Եվրոպական միության երկրներին չի հաջողվում համաձայնության գալ երկրների այն ցանկը կազմելու հարցում, որոնց մշտական բնակիչները կունենան հուլիս ամսից այստեղ այց կատարելու իրավունք:
Ցանկից դուրս են մնում Միացյալ Նահանգները, Բրազիլիան ու Ռուսաստանը:
Միության 27 անդամ պետությունների դեսպանները հավաքվել էին որոշելու համար թույլտվության համար անհրաժեշտ պայմանները. հաղորդում է VOA-ն: Դեսպաններն ասել են, թե մոտ քսան երկրներ ընդգրկող ցուցակն իրենք պիտի քննարկեն իրենց կառավարությունների հետ: ԱՄՆ-ից մարդիկ կարող են այցելել Եվրոպական միություն, եթե բավարարեն բոլոր պահանջները, այդ թվում ջերմաչափումը: Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել նախ բացել ներքին սահմանները, որից հետո աստիճանաբար բացել մյուս երկրների հետ օդային սահմանները: Սակայն առաջին փուլը չի գնացել ըստ ծրագրվածի:
Հունաստանը պահանջում է անցկացնել Եվրոպական միության մի շարք երկրներից, այդ թվում Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից և Իսպանիայից ժամանող անձանց թեստավորում: Ժամանողները, ըստ Հունաստանի պահանջի, պետք է ինքնամեկուսացվեն մինչև թեստավորման պատասխանը ստանալը: Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է, թե զբոսաշրջիկներ չի ընդունելու Պորտուգալիայից, Շվեդիայից ու Լեհաստանի որոշ հատվածներից: Եվրամիության երկրները համաձայնության են եկել այն հարցում, որ սահմանները պիտի բացվեն այն երկրների առջև, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը նման է կամ ավելի բարվոք է իրենց երկրների համեմատ:
Սակայն խնդիրն այն է, թե ինչպես են որոշելու, որ երկրում է ավելի բարվոք, երբ կան երկրներ, ինչպես օրինակ Թանզանիան, Թուրքմենստանը կամ Լաոսը, որոնք արդեն երկու շաբաթ չեն ներկայացնում պաշտոնական տվյալներ:














