Եվրահանձնաժողովը թույլատրել է մասնակիորեն ազգայնացնել տուժած ձեռնարկությունները

6
Եվրահանձնաժողովը թույլատրել է ԵՄ անդամ երկրներին մասնակիորեն ազգայնացնել կորոնավիրուսի համավարակից առանձնահատուկ տուժած ձեռնարկությունները։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սակայն ազգայնացումը կթույլատրվի մի շարք պայմաններ բավարարելու դեպքում։ Ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտներ ու բոնուսներ վճարելուց։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասնեն, թե ինչի վրա են ծախսում ստացված օգնությունը, և արդյոք դա համահո՞ւնչ է կանաչ ու թվային տնտեսության անցնելու՝ ԵՄ-ի նպատակներին։

Եվրահանձնաժողովը հաղորդում է, որ տնտեսությունում պետության միջամտությունը պետք է տեղի ունենա «հանրային հետաքրքրության» շրջանակում, մասնավորապես, որ մեծաթիվ աշխատատեղեր չկրճատվեն կամ նորարական ձեռնարկությունները չսնանկանան։ Ազգայնացման գործընթացի ժամանակ պետք է սահմանվի ռազմավարություն, թե ինչպես պետք է պետությունը դուրս գա ձեռնարկության կապիտալից։

Պետք է նախատեսվի վերակառուցման ծրագիր, եթե պետությունը ավելի քան 6 տարի մասնակցություն ունենա ձեռնարկությունում։ ԵՄ երկրների կառավարություններն այս միջոցառումը դիտարկում են տնտեսությանը լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու կարևոր քայլ, որի նպատակը կորոնավիրուսի ճգնաժամից հաջողությամբ դուրս գալն է։