Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ակտիվորեն կիսվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ շուրջ 40 տարվա վաղեմության քրգործով:
Այսօր նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց.
«Իրավական առումով գուցե վճիռ կա դրանից հետո, բայց արդեն բոլորս հասկանում ենք, թե ինչ ձեւով է եղել այդ վճիռը: Ես գտնում եմ, որ մեր քաղաքացիները պետք է տեղյակ լինեն դրան, ես ճիշտ եմ համարել, որ կիսվեմ ու եթե այդ քաղաքական ուժը համախմբվելու կոչ է անում, կարծում եմ, այդ դրվագին պետք է մեր քաղաքացիները տեղյակ լինեն»:
Անդրեյ Ղուկասյանը նաեւ հայտարարեց. «Որեւէ կեղտոտ միջոց չկա, ընդամենը փաստն ենք արձանագրել: Ես, որպես քաղաքական գործիչ, ճիշտն ասած Գագիկ Ծառուկյանին խղճում եմ, ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը եւ անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից: Այդ դեպքը եւս բացառություն չէ: Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք եւ բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»:











