Ես Ձեզ մեկ տարի առաջ էլ եմ մեղադրել ԵԿՄ գրասենյակների վրա ղումար խաղալու մեջ. ավագանու նիստը թեժ էր

20
Երևանի ավագանին 31 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ որոշեց ԵԿՄ-ին անհատույց տրամադրել Երևան քաղաքին պատկանող 8 տարածք:

Մինչև քվեարկությունը քննարկումները բավականին թեժ էին: Ավագանու անդամները մեկը մյուսին մեղադրեցին անշնորհակալ լինելու, ԵԿՄ ավանդը չգնահատելու, պաթետիկ ելույթների, նախկինների հետ համեմատելու և այլ արարքների մեջ: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին զարմացրեց այն, որ այս թեման այսքան բուռն քննարկվում է:

«Ինձ համար զարմանալի է, որ էս սերունդն է ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը համարում վիճահարույց թեմա, որովհետև այս սերունդն ամենաշատ պետք է պարտական լինի Երկրապահին և ազատամարտիկներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել մեր ապագայի համար: Նոր իմ գործընկեր Արմեն Ներսիսյանը փայլուն բան ասաց, էդ մարդիկ կիլոմետրերով տարածք են մեզ համար ազատագրել, էսօր քաղաքի կենտրոնում 200 քմ-ն հարմար չեք գտնո՞ւմ այդ մարդկանց տալու համար»,- ասաց Հարությունյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովին բարկացրել էր այն, որ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ելույթում ասել էր, որ անգամ ՀՀԿ-ականները նման հարցերի շուրջ նման քննարկումներ չեն ունեցել:

«Ես Ձեզ մեկ տարի առաջ էլ մեղադրել եմ ԵԿՄ գրասենյակների վրա ղումար խաղալու մեջ: ԵԿՄ գրասենյակները համագործակցում են ՊՆ-ի հետ, և նրանց շնորհիվ 3800 մարդ է անդամագրվել պայմանագրային ծառայության: Մենք այստեղ զուտ նախագիծ ենք քննարկում, հակառակ դեպքում այստեղ նստածների մեծ մասն անգամ բարոյական իրավունք չէր ունենալու երկրապահի անունը բարձրաձայնելու, վերանայեք ձեր անցած ճանապարհը»,- ասաց Խաչատրյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն արձագանքեց.

«Էս ի՞նչ ենք անում, ուրախացնում ենք թշնամիներին, որոնք ամեն րոպե սպասում են, թե երբ են մեզ մոտ այսպիսի ընդվզումներ սկսելու»,- ասաց Ներսիսյանը:

Հայկ Մարությանը պնդեց, որ ԵԿՄ-ն արդեն իսկ ազատել է մի շարք տարածքներ, որոնք պետք են Երևան քաղաքին, և պատրաստակամություն է հայտնել ազատել այլ տարածքներ ևս: