Ես հրեշտակ չեմ, բայց թույլ չեմ տա կասկածի տակ դնել այս ամբիոնում հայտնվելու պատմությունը. Նիկոլ Փաշինյան

12
Այսօր ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե իշխանությունը չպետք է ատկատներ տա ընդդիմությանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Դուք էլ երկար տարիներ եղել եք ընդդիմություն, և լսելով այդ խոսքերը՝ հիշեցի, որ այս ամբիոնից Դուք ասացիք, որ յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին մտածում է իր փչացածության աստիճանով»,-շեշտեց նա:

Վարչապետը պատասխանեց, որ շատ հայտնի դեպքեր կան, երբ նա իսկապես մարդկանց մասին մտածում է իրենց փչացածությանը համապատասխան, սակայն Գևորգ Գորգիսյանի հետ հարց ու պատասխանն ըստ նրա՝ ճիշտ չի հասկացվել:

«Դուք իմ ասածը սխալ եք ընկալել, ես իրավիճակին այդպես եմ վերաբերվում այն ժամանակ, երբ որևէ մեկը կարողանում է այստեղից ակնարկ անել, թե օրինակ՝ ես կոռուպցիայի հետ կարող եմ առնչություն ունենալ: Այո՛, ես ամենակոշտ ձևով եմ հակազդում և այդպես մտածողների մասին կարող եմ մտածել իրենց փչացածությանը համապատասխան, ոչ թե նրա համար, որ ես հրեշտակ եմ, այլ նրա համար, որ այս ամբիոնում հայտնվելու պատմություն ունեմ և երևէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը, լինի ընդդիմություն, լինի իշխանություն՝ նախկին, թե ներկա»:

Պատգամավորը ներկայացրեց, որ այդ թեմային անդրադարձավ, քանի որ տեսել է՝ վարչապետը Գորգիսյանի հետ հարց ու պատասխանը տարածել է իր ֆեյսբուքյան էջում ու նշել՝ իսկ կարո՞ղ է, քանի որ իշխանությունը ատկատ չի վերցնում, ասֆալտ ուտողները ատկատը սկսել են ընդդիմությանը տալ։

Եղիազարյանը շեշտեց, որ նման կերպ պետք չէ մարդկանց մատնանշել և պետք չէ իրենց խմբակցությանը օրինակ բերել այսպիսի դեպքերում: Վարչապետը արձագանքեց. «Կներեք, եթե ձեր խմբակցությունն է մեզ հարցնում՝ կարո՞ղ է Դուք ատկատ եք վերցնում, կարո՞ղ է Դուք կոռումպացված եք, մենք էլ ասում ենք՝ կարո՞ղ է դուք եք կոռումպացված: Ո՞նց եղավ, որ Ձեզ կարելի է հարց տալ, բայց մեզ՝ չի կարելի: Մտածում եք՝ Ձեզ կարելի ինչ ասես ասել ու մտածում եք, որ հակադարձում չեք ստանալո՞ւ»:

«Ես երբ ընդդիմություն եմ եղել, իշխանությունն է ատկատ վերցրել: Հիմա հարցս հռետորական է՝ կարո՞ղ է, որ հիմա իշխանությունը ատկատ չի վերցնում, ընդդիմությունն է սկսել ատկատ վերցնել: Նույնն է, որ ասում եք՝ ճի՞շտ է, որ մաքսանենգություն եք անում, դե պատասխանեք, դե հերքեք: Դուք գնացեք, հերքեք: Կարո՞ղ է ատկատ եք վերցնում, կարո՞ղ է բարձրաձայնողները փայ ունեն: Դուք այդպես ապահովագրվա՞ծ եք, դուք եք սրանից հետո հերքելու ամեն ինչ: Գնացեք, հերքեք, տեսնեմ՝ ոնց եք հերքելու»,- ասաց Փաշինյանը: