Ես իմ ցանկությամբ խցում մենակ եմ, բայց հնարավոր չէ անձնակազմի հետ շփում չունենալ. Ռոբերտ Քոչարյան

14
ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին պատասխանեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի հարցերին՝ կորոնավիրուսի շրջանակներում:

Աննա Դանիբեկյանի հարցին, թե բանտախցում այլ անձինք կա՞ն, թե՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ընդհանրապես աշխատողներն աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են։ Աշխատողների 90 տոկոսը երիտասարդ է, և սա նշանակում է, որ նրանք կարող են վարակակիր լինել և դա իրենց համար չզգացվի, 22-35 տարեկան են: Հիմա ես իմ ցանկությամբ խցում մենակ եմ, բայց շփում անձնակազմի հետ կա, հնարավոր չէ այդ պայմաններում շփում չունենալ: Բացի այդ, ուտելիքը բերում են փաթեթավորված, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ով է այն սարքում, ով է առաքում, որևէ թեստավորում չի արվում, շենքում չկա օդափոխություն, ոչինչ, պայմաններ չկան վարակի դեմ պայքարելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
 
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին ՀՀ երեք նախկին վարչապետների և Արցախի նախկին վարչապետի կողմից ներկայացվեց երաշխավորություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: