Ես, իհարկե, լավ աչքերով նայել չեմ կարող. Օհանյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

8

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բանակում արձանագրված միջադեպին, երբ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել:

«Գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադարձ կատարելով՝ կպել զինվորի ձեռքին: Թեթև վիրավորվածություն է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 Օհանյանը նշեց, որ այդ իրավիճակը պարբերաբար կրկնվում է՝ շեշտելով, որ լարվածություն միշտ էլ կա:

Նախարարն անդրադարձավ նաև պաշտպանության բանակի հատվածում օրերս դիվերսիոն հետախուզական գործողությանը, որը, սակայն հայ դիրքապահները կանխել են:

«Խիստ կերպով պատժել են հակառակորդին, հակառակորդն ունեցել է կորուստ և հետ շպրտվել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին.

«Մենք այսօր, իհարկե, հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, մեզ համար լինելով որպես ռազմավարական գործընկեր, անկասկած առաջին հերթին ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներին: Բայց միևնույն ժամանակ նա իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու: Որպես ռազմական գերատեսչության ղեկավար՝ ես իհարկե լավ աչքերով նայել չեմ կարող: Բայց համենայնդեպս իրավունք էլ չունեմ դա քննարկելու»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ այսօր շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից: