Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Փաշինյան

7

«Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համարե, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ որ ասում ենք փոխզիջումային տարբերակ, փոխզիջում, նշանակում է, որ կա երկու կողմ, որը պատրաստ է որոշակի փոխզիջումների, ես ուզում եմ հասկանանք՝ ինչու ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, կամ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այն ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, այլ, այսպես ասած, ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի, – ասաց վարչապետը՝ շարունակելով,- Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»։

Փաշինյանն անդրադարձավ նաև օրերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը:

«Առաջին նախագահն ասել է, որ որոշ հարցեր ինձ հետ ցանկություն ունի քննարկելու, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք։ Արցախի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք որ մտածել է, որ կարող են ինձ հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին»։

Վարչապետի խոսքով՝ ներքաղաքական հարցերին չեն անդրադարձել, հիմնականում քննարկել են Արցախի և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Ինչ վերաբերվում է բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, Փաշինյանը նշեց՝ առանց Արցախ ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու։

«Այսինքն, բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում պետք է Արցախը ներգրավված լինի պրոցեսի մեջ՝ լիարժեք։ Ես ասում եմ, որ կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն՝ Արցախը պետք է ներգրավված լինի, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, որովհետև կարող են լինել քննարկումներ, թեմաներ, այդ թվում՝ այս թեմայի քննարկումը։ Մենք հստակ ասել ենք հենց Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել, և հիմա էլ դա ասում ենք։ Բանակցության նյութ կա, և այդ նյութերին մենք պետք է ամբողջական ծանոթանանք, և այդ փուլում ենք, վերլուծենք և բանակցենքե, – ասաց վարչապետը՝ նշելով, – Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի կարգավորման մթնոլորտ ձևավորվի»։

Ի պատասխան այն հարցին` Ռուսաստանը կարծես մտադիր է առաջ քաշել Լավրովյան պլանը, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»: