Եկեք տարանջատենք երկու բան. ես այս շենք փողոցից չեմ եկել, ես այս շենք եկել եմ 97 թվականին՝ Ազգային ժողովի ընտրությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
«Ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել, որ ընտրվել եմ: 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է, որ «Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով 97 թվականին քեզ նշանակել են»:
Պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարեկանը: 15 թվին ժողովուրդը նորից հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Կրկնում եմ՝ ժողովուրդն է հաստատել: Թե հիմա պառլամենտն ինչու է ուզում վերափոխել ժողովրդի ասածը, դա իրենց հարցրեք:
97 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Այսօր ցանկացած դատավոր ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքներ չի խախտում, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի մինչև իրեն թույլ տրված տարիքն աշխատել»,- ասաց Ֆելիքս Թոխյանը:











