ԵՄ-ն Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն համարել

11

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը:

«Եվրամիությունը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ ԵՄ համար: Անվտանգության հարցը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին լուրջ մտահոգության առարկա է: ԵՄ-ն վերստին զսպվածության կոչ է անում և վերահաստատում իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին` ուղղված հակամարտության կարգավորմանը: Այն խրախուսում է ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով երկխոսության իրականացումը»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ: