ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․
«Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը և պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց:
Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից:
Լավ… հիմա եկեք մի փոքր խորանանք և փորձենք պարզենք վստահության մանդատի այսօրվա իրական պատկերը:
Միայն ընդհանուր հարցեր և բոլորը՝ առանց քաղաքական ենթատեքստի:
Արդյո՞ք ժողովուրդը համամիտ է այն գաղափարախոսության հետ, որը կառավարությունը քարոզում է կոնկրետ օրինակներով:
1. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կրճատեն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Իմ պատասխանը` ոչ:
2. Համաձա՞յն եք, որ ներկայիս ծանր սոցիալական իրավիճակում հայկական բանկերը թողնեն տոկոսադրույքները և վարկավորման պայմանները անփոփոխ: Իմ պատասխանը` ոչ:
3. Համաձա՞յն եք, որ դպրոցներում կամ նախադպրոցական հաստատություններում երեխաները տեղեկություններ ստանան սեռական կյանքի մասին, կամ դաստիարակվեն սեռական դաստիարակության տեսության համաձայն: Իմ պատասխանը` ոչ:
4. Համաձա՞յն եք, որ Հայաստանը միանա Լանզարոտի կամ Ստամբուլի կոնվենցիայի տիպի կոնվենցիաներին: Իմ պատասխանը` ոչ:
5. Համաձա՞յն եք, որ Հայաստանում բարձրանան հասարակական տրանսպորտի գները: Իմ պատասխանը` ոչ:
6. Համաձայն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հատուկ իրավունքները: Իմ պատասխանը` ոչ
7. Համաձա՞յն եք, որ Հայաստանում ավելանա գույքահարկը: Իմ պատասխանը` ոչ:
8. Համաձա՞յն եք այն տուգանքների հետ, որոնք երկրում ներդրվել են վերջերս: Իմ պատասխանը` ոչ:
9. Համաձա՞յն եք, որ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ադրբեջանցիների համար: Իմ պատասխանը՝ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում:
10. Համաձա՞յն եք, որ Հայաստանում իշխանությունները որոշեն, թե որ քաղաքական ուժն է մասնակցելու ընտրություններին, իսկ ով՝ ոչ: Իմ պատասխանը` ոչ:
… այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ վստահության իրական մակարդակը և մարդկանց իրական վերաբերմունքը իշխող կուսակցության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»:











