Հիմա Ալիևի վերընտրվելը հայ ազգի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին է ձեռնտու…

6

 

Սերժ Սարգսյանը գրեթե միշտ ձեռնպահ չի մնում երեխայական հայտարարություններից, որոնց իմաստն ու ասելու պատճառը մտածելու տեղիք են տալիս: «Բազե»-ում հնչեցրած կարծիքը, որ մեզ ձեռնտու է, որ Ադրբեջանի նախագահ վերընտրվի դեմոկրատ Իլհամ Ալիևը, աբսուրդի ժանրից է: Նախ այն, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ, եթե չակերտները բարձրաձայներ, պետք չէր այդ երկրի միապետին դեմոկրատ անվանել, միայն ելնելով քաղաքագիտական նկատառումներից: Հետո իրապես Ալիևն ու իր վարչախումբը դեմոկրատիայի հետ ընդհանրապես չեն առնչվում, և, ի վերջո, մեր նախագահը բազմիցս տեսել ու լսել է Ալիևի բարբարոսությունները հենց Հայաստանի հանդեպ, ինչը նույնպես թույլ է տալիս կարծել, որ այս անձը կապ չունի վերոնշյալ տերմինի հետ: Հաջորդ զավեշտը մեզ ձեռնտու լինելու հանգամանքն է: Մի՞ կամ չէթե նախագահին վայել է հայտարարել, որ իրեն ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ձեռնտու է կամ ոչ: Այս բառը հակասում է քաղաքական գործիչ լինելուն և այն էլ նախագահին: Սարգսյանը վերջին շրջանում տարօրինակ տերմիններ է օգտագործում, որը ոչ միայն չի համապատասխանում իր ստատուսին, այլև ամոթալի է ողջ հայության համար: Այս ձեռնտուն հենց այդ շարքից է: Ընդհանրապես ՀՀ նախագահի ինչի՞ն է ձեռնտու Ալիևի վերընտրվելը: Այս միլիարդներով լողացող անձը հայ ազգի համար ոչնչով չի կարող հարմար կամ ձեռնտու լինել, եթե միայն հիշենք նրա հոխորտալի հայտարարությունները ԼՂ հարցի շուրջ, պատերազմի հրահրման, հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի խախտումները և, իհարկե, Սաֆարովի դեպքը, ինչը բավարար է ձեռք չտալուն: Սերժ Սարգսյանի համար պետք է միևնույն լիներ ընդհանրապես Ալիևի գոյությունը և նրան պետք է ձեռնտու չլիներ բացառապես Ադրբեջան կոչվող տարածքի առկայությունը: Իր այս խոսքերով ՀՀ նախագահը մտածելու տեղիք է տալիս, թե ինչու է իրեն անհանգստացոնւմ Ադրբեջանի նախագահի դերը՝ ում բաժին կհասնի: Մի՞թե Սարգսյանը վախենում է անծանոթ մեկի քայլերից: Բայց չէ որ իր այս հայտարարությամբ Ալիևի բերանը լեզու դրեց, ինչը մեզ ավելի քան ձեռնտու չէ: Իսկ եթե Սարգսյանը մտածում է, որ Ալիևի հետ դեռ մի 5 տարի էլ կխաղան այս բանակցային հեքիաթը, դա արդեն ուրիշ հարց է և ուրիշ սիմֆոնիայից է: Այդ պարագայում Սարգսյանին ընդհանրապես պետք չէ լսել, քանզի ակնհայտ է դառնում, որ նա պարզապես ժամանակի մեջ խաղացող է և ԼՂ հակամարտության հարցը դեռ մի քանի տարի էլ է նույն  հունով ընթանալու: Հիմա իրականում Ալիևի վերընտրվելը հայ ազգին, թե՞ Սերժ Սարգսյանին է ձեռնտու: