ԵԱՀԿ գործող նախագահը՝ Սլովակիայի արտադրության սպառազինության Ադրբեջանում հայտնվելու մասին

6

Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սլովակիայի արտադրության սպառազինության Ադրբեջանում հայտնվելու հանգամանքներին:

«Մենք տեղեկացվել ենք իրավիճակի վերաբերյալ հայ դիվանագիտական առաքելության կողմից, էկոնոմիկայի նախարարության հետ միասին ուսումնասիրություն է իրականացվել անցյալ տարվա օգոստոսին: Ուսումնասիրության ընթացքում Սլովակիայի կողմից որևէ սխալ չի գտնվել: Սլովակիայի ու Իսրայելի միջև առանձին համաձայնագիր է եղել, առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողն Իսրայելն է»,- ասաց Միրոսլավ Լայչակը:

Նա հավելեց, որ մի քանի անգամ հարցը քննարկվել է հայկական կողմի, այդ թվում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Կարծում եմ՝ գործը փակ է։ Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք միմյանց, հասկացել ենք միմյանց և, կարծում եմ, որ այս քննարկումը դադարել է և չի շարունակվելու, ինչպես նաև պայմանագիրը դադարեցված է»,– ասաց Սլովակիայի ԱԳ նախարարը։