Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի․ Լուկաշենկո

5

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում:

Նրա խոսքով, Հայաստանն ու Բելառուսը 140 տոկոս ապրանքաշրջանառության աճ ունեն:

«Շատ լավ տեմպ է: Մենք ճանապարհներ գտանք, հատկապես երբ մտանք ԵԱՏՄ, և ես Ձեզ պետք է հավաստիացնեմ, որ այսուհետ ևս այդպես կլինի: Մենք կաջակցենք ձեզ, ձեր բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք: Ես դա ասում եմ այն առնչությամբ, Նիկոլ Վովայի, որպեսզի Դուք չմտածեք, թե մեզ մոտ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է: Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել», – ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ այդպես է ստացվել, որ «Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են»։

«Ես նման ոչ դիվանագիտական թեմա շոշափեցի, միգուցե պետք չէր այն շոշափել, բայց չեմ ուզում, որ մեր միջև որևէ մինչև վերջ չասված, չպարզված բաներ լինեն: Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի և բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում», – ասել է նա։