ԴՆԹ հետազոտություն անցնող թուրքերի մի մասը պարզում է, որ հայկական ծագում ունի

8

«Աշխարհում միլիոնավոր մարդիկ ԴՆԹ-ի հետազոտություն են ացնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այn արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքին: 

Այդպիսի հետազոտություն անցած մարդկանց հետ զրուցած հոդվածագիրը պատմում է, թե ինչպես են ԴՆԹ թեսթ պատվիրվում. այդ ծառայությունը մատուցող ընկերությունները (Heritage, 23andme, Ancestry) հատուկ տուփ են ուղարկում, որի վրայի համարով պետք է գրանցվել ընկերության կայքում, ապա թեսթը պատվիրողի թքի օրինակով տուփը պետք է հետ ուղարկել: Մեկ ամիս հետո պատասխանները ուղարկվում են տրված էլեկտրոնային հասցեին: Պատասխանների մեջ տեղեկություն է տրվում, թե հարցում անողը որ ռասայից է սերում ու այդ ռասային պատկանող ինչ ազգականներ ունի: Հավելավճարի դեպքում տրվում են նաև այլ տեղեկություններ, ինչպես օրինակ ինչ գենետիկական մակարդակում ինչ հիվանդության կրող է տվյալ անձը:

Թուրքիայի Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում բնակվող Գյուլ Չելիքը, ով արտասահմանում ԴՆԹ թեսթ է պատվիրել, հեղինակին պատմել է, որ իր տոհմածառի մեջ հայտնաբերվել է մոնղոլական գեն, որին 1600-ականներին ավելացել է իտալական, 1700-ականներին հրեական, 1800-ականներին հայկական, իսկ հետո նաև հունական գեն:

«Մենք Բայբուրդից ենք, սակայն թեսթը ցույց տվեց, որ հայ ենք: Ըստ դրա՝ բավականաչափ իտալական ու հունական արյուն էլ կա մեր մեջ: Մորական տատիկիս հարցրեցի, թե արդյոք մենք հայ ենք, տատիկս հրաժարվեց, ասաց՝ չկա այդպիսի բան: Մեր ընտանիքի մեծերը չուզեցան հավատալ տեստի արդյունքներին, ասացին, որ իրենք տեղյակ չեն իրենց հայկական գենի մասին: Ես նրանց ասացի, որ դա գիտական թեսթ է, սակայն նրանք չցանկացան լսել ինձ»,- պատմել է Չելիքը:

Վերջինս պատմել է նաև, որ իր ամուսինն էլ պարզել է, որ հունական ծագում ունի, սակայն երբևէ ընտանիքում իր հույն լինելու մասին որևէ բան չի լսել, հույն ազգականներ չունի ու մեծացել է որպես մուսուլման թուրք:

Թուրքիայում ապրող մի մաթեմաթիկայի պրոֆեսոր էլ, ով չի ցանկացել իր անունը հրապարակել, պատմել է, որ ԱՄՆ-ում պատվիրած թեսթի արդյունքում պարզել է, որ իր ընտանիքը նախ բնակվել է Տրապիզոնում, հետո Արդվինում, ապա Ռիզեում, որից հետո նոր եկել են Սամսուն: Այշե պայմանական անունով հանդես եկող մաթեմաթիկոսը նշել է, որ այդ հերթականությունը իրեն շատ է զարմացրել, քանի որ ինքն իմացել է, որ իրենք Ռիզեից են, սակայն ավելի ուշ իր ընտանիքի մեծերը հաստատել են, որ իրենց նախնիները Տրապիզոնից են:  

«Արդյունքներից իմացա նաև նախնիներիս՝ որոշ ժամանակ Արդվինում բնակվելու մասին: Հիմա պարզ է, որ վրացական ծագումով տատիկս այնտեղից է (Արդվինի մի զգալի մասը ժամանակին կազմում էին վրացիները-խմբ.)»,- պատմել է Այշեն: