Դիրաբեքիրում վնասվել են պատմական Տիգրանակերտի հնագույն պարիսպներն ու Սուրբ Կիրակոս եկեղեցին

13

Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի Սուր կոչվող վարչական շրջանում տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների հետևանքով մեծապես վնասվել են քաղաքի պատմական հուշարձանները:

Թուրքական «evrensel.net» կայքի համաձայն՝ փոխհրաձգությունների և գնդակոծությունների հետևանքով վնասվել են պատմական Տիգրանակերտի հնագույն պարիսպների որոշ հատվածները, տուժել են նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս և կաթոլիկ եկեղեցիները:

Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության բաժնի ղեկավար Նևին Սոյուքայան հիշեցրել է, որ 2015թ. հուլիսի 4-ին  անտիկ Դիարբեքիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Նշենք, որ Տիգրանակերտի պարիսպներն ունեն 8 կմ երկարություն, 10մ բարձրություն և 5մ լայնություն: Հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ՝ ավերակ), մյուս կողմից՝ Տիգրիսի տասնակամար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։