Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ԻԼԻՊ-ի վայրագության ապացույցն է

12

Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ականապատել և պայթեցրել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այս կապակցությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման հետ:

«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։