Դա նույնն է, որ Երևանում ամեն շենքի մոտ ծննդատուն ունենալու պահանջ դնենք. Փաշինյան

33

Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարզերում ծննդօգնության ծառայության դադարեցման մասին: «Երբ ես հետևում էի քննարկումներին, լսեցի, որ Մարալիկի ծննդատունը սպասարկում է ևս 25 գյուղերի: Իսկ ինչո՞ւ այդ 25 գյուղերում չկան ծննդատներ: Ինչո՞ւ հարց չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում պետք է ծննդատուն լինի: Չենք պահանջում, որովհետև դա տրամաբանական չէ, դա նույնն է, որ Երևանում ամեն շենքի մոտ ծննդատուն ունենալու պահանջ դնենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հարցրեց՝ իսկ ի՞նչ պետք է արվի, եթե պարզվի, որ ծննդկանին կամ երեխային ինչ-որ բան է պատահել այն կենտրոնում, որտեղ չկա համապատասխան մասնագետ. «Գալու են այստեղ ու հարցնեն՝ կառավարություն ինչի չի մտածում»:

«Ես զարմացա, երբ տեսա Մարալիկի ծննդատան գործադուլ անող բուժաշխատողներին, ովքեր հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել ձների մեջ քայլելու և նույն խալաթով ու ոտնամաններով գնալու էին ծնունդ ընդունելու»,-հավելեց վարչապետը: Վարչապետը նշեց, որ եթե օրինակ Արթիկում կա անհրաժեշտ չափանիշներով ծննդատուն, Մարալիկի ու 25 գյուղերի բնակիչները կարող են գնալ Արթիկի կենտրոն, այն հասանելի է։