Դավութօղլու. Հաշտության պատրաստ ենք, պատրաստ ենք կիսել ցավերը, սակայն մեզ խոնարհել ոչ ոք չի կարող

10

«Հաշտության պատրաստ ենք, պատրաստ ենք կիսել ցավերը, սակայն մեզ խոնարհել ոչ ոք չի կարող»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Հայտնում է TRT Haber-ը։

Անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևին՝ Դավութօղլուն խորհուրդ է տվել աչքի անցկացնել Եվրոպայի պատմությունն ու տեսնել, թե ինչեր են տեղի ունեցել Աֆրիկայում, Ասիայում կամ Ավստրալիայում: «Եթե Եվրոպան ցանկանում է պահել իր բազմամշակույթ, բազմակրոն կառուցվածքը, ապա չպետք է որևէ կրոնական կամ ազգային խմբի դեմ ատելություն սերմանող հայտարարություններ անի»: 

Թուրքիայի վարչապետի կարծիքով հայ-թուրքական հարաբերություններն այլևս արդեն դադարել է միայն Հայաստանին ու Թուրքիային առնչվող հարց լինել, սակայն Դավութօղլուն կրկին ամեն ինչ խառնել է իրար և հայ-թուրքական հարաբերությունների մեջ խառնել նաև Ադրբեջանին:

«Պատրաստ ենք Թուրքիայի և Հայաստանի միջև բարիդրացիական լավ հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն էլ պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու համար»,- ասել է նա:

Դավութօղլուն նույնիսկ սպառնացել է Թուրքիային մեղադրողներին. «Բոլոր երկրներին, երկրների խորհրդարաններին ու առաջնորդներին զգուշացնում եմ՝ ով էլ որ լինի, եթե մեր ազգին պատմության դատարանի առաջ առանց պատմական փաստերի, արխիվային փաստաթղթերի փորձի մեղադրել, նրա դեմ մեր հստակ  դիրքորոշումն ենք դնելու: Հաշտության պատրաստ ենք, պատրաստ ենք կիսել ցավերը, սակայն մեզ խոնարհել ոչ ոք չի կարող»: