Գյումրիում 6 հոգու սպանած անձը դեպքի վայրում թողել է զինվորականի կոշիկներ, ԱԿ 74 ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ

65

Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել է 6 անձի, մեկը վիրավոր է:

Գյումրիում վեց անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով: Պարզվել է Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի ինքնությունը. մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը` վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է: Նրան վիրահատել են, վիճակը ծանր է:

Դեպքի վայրում են նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, փոխքաղաքապետը` Ռուբեն Սանոյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, նաեւ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:  

Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկներ, ԱԿ 74 ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։

Հայտնի է, որ սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը Չիտա քաղաքից, ով ռուսական ռազմաբազայում ծառայության է անցել 2014թ. դեկտեմբերին: 

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ի հետ զույցում փոխանցել է, որ զինծառայողը ինքնաձիգը, հագուստը, զինվորական պայուսակը թողել է տանը, ուր կատարել է ոճրագործությունը:

«Դեպքի վայրում հայտնաբերվել է AKC տեսակի ինքնաձիգ, որը իր տեսակով նույնն է, ինչ կրել է այդ զինծառայողը: Դեպքի վայրում կա նաեւ հագուստ, կոշիկներ եւ զինվորական պայուսակ: Ինքնաձիգի հետ կապված ասեմ, որ տանը մնացածը եւ այն, ինչ կրել է տվյալ զինծառայողը, արտաքինից նույնն է: Իհարկե հետագայում նաեւ կնշանակվի փորձաքննություն, բայց արտաքինից արդեն երեւում է, որ նույնն է»:

Որոշ տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին տեսել են Գյումրու Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին: Բնակիչներն ահազանգել են, որից հետո տարածքը խուզարկվում է:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: 

Գյումրիում հայտարարված է ուժեղացված հսկողություն, քանի որ ենթադրվում է, որ հանցագործը, որը ռուս զինվորական է, զինված է: Ուժեղացված հսկողություն է սահմանվել քաղաքի դպրոցների, սպասարկման օբյեկտների մոտ, բնակիչներին հորդորում են փողոց դուրս չգալ: