Գերմանիան ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը. ԿԳՆ

45

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:

Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային կիսամյակից սկսած` հաշվի առնելով գերմանական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները և պայմանները:

Նշված որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։