Գերմանիայի քաղաքական գործիչները համաձայն են 1915թ-ի Հայոց Եղեռնը Ցեղասպանություն անվանել

25

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն աջակցել է նրանց, ովքեր կոչ են անում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանել ցեղասպանություն։ 1915-ին տեղի ունեցածը կարելի է «միավորել «ցեղասպանություն» հասկացության մեջ», Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նշել է նախարարը։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ գերմանացի սոցիալ-դեմոկրատ առաջնորդներից մեկի խոսքով՝ ինքը լավ է հասկանում այն մարդկանց դրդապատճառներն ու զգացմունքները, ովքեր պահանջում են ամրագրել ցեղասպանություն հասկացությունը՝ հայերի հանդեպ գործած հանցագործությունների համար։

Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ առավել խիստ քաղաքական բանավեճերը կարող են «բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել» Թուրքիայի և Հայաստանի միջև լուրջ և ուղիղ երկխոսության սկիզբը։

Թերթը նաև գրում է, որ Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանություններն անվանել ցեղասպանություն՝ անկախ այն հանգամանքից, թե Անկարան ինչպես կարձագանքի։

«Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կարտահայտի 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության փաստը»,- հայտարարել է Յունգը։

«Ցեղասպանություն» բառը պետք է լինի բանաձևի տեքստում, որը մոտ օրերին կընդունի Բունդեսթագը, նշել է Յունգը՝ հույս հայտնելով, որ իր խոսքում այդ բառը կօգտագործի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը։