Գերմանացի պատմաբանները հաստատում են Ցեղասպանության հարցում Կայսերական Գերմանիայի մեղավորությունը. DW

5

Վկա, թե՞ համախոհ: Բեռլինում կայացած կոնգրեսի ընթացքում գերմանացի պատմաբանները քննարկել են Հայոց Ցեղասպանության իրագործման հարցում Գերմանիայի դերակատարությունը: Նոր բացահայտումներն ապացուցում են, որ գերմանացիների դերակատարությունը շատ ավելի մեծ է այս հարցում, քան նախկինում կարծում էին: Գրում է գերմանական Deutsche Welle-ը։

Հոդվածում քննարկվում է նաև Հայոց Ցեղասպանության իրագործման հարցում Գերմանիայի մեղքի բաժինը։ Պատմաբանների կարծիքով՝ Գերմանական կայսրության մասնակցությունը հայերի արտաքսման գործընթացի մեջ ապացուցված փաստ է։

Պատմաբան Քրիստին Փշիխհոլցը կասկածներ չունի, որ գերմանական կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող մահվան երթերի, մահապատիժների մասին: Պատմաբանը վստահ է, որ գերմանացի դիվանագետները տեղյակ էին, թե ինչ էր կատարվում Օսմանյան կայսրությունում:

Փաստ է նաև Գերմանիայի դեսպանի 1915թ. հուլիսի 7-ի հեռագիրը՝ ուղղված կայսերական Գերմանիայի կանցլերին, որում նշվում էր, որ Թուրքական կայսրությունում հայկական ռասայի ոչնչացման վերաբերյալ թուրքական կառավարության որոշում կա:

Հոդվածում անդրադարձ է արվում նաև այս ապրիլի 24-ին գերմանական ներկայության հարցին: Նշվում է, որ Գերմանիայի խորհրդարանը պլանավորում է քննարկումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարցով: 

Պարբերականը գրում է, որ Գերմանիայում քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է ներկայացնելու Գերմանիան Երևանում ապրիլի 24-ին կայանալիք Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ։ Համաձայն գերմանական պարբերականի՝ մինչև հիմա Գերմանիայի ԱԳՆ-ն պնդում է, որ իրենք դեռ մտածում են, թե պաշտոնական անձանցից ով է մեկնելու Հայաստան։

Ակնկալվում է, որ Գերմանիայի զսպվածությունն այս հարցում կդրսևորվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությամբ։ Շատ հնարավոր է, որ միայն Գերմանիայի դեսպանը ներկա գտնվի միջոցառումներին, այն էլ եթե Ֆրանսիան ներկայանա նախագահ Ֆրանսուա Օլանդի մակարդակով։