Գավառի միջադեպերով Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն

11

Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպերով ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: