«Գազպրոմ-Արմենիա»-ի 1000 աշխատակից կկրճատվի. Հրանտ Թադևոսյան

6

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա քննարկման ընթացքում ներկայացրեց գազի սակագնի որոշման մեթոդը, ինչպես նաև՝ ինչն է հիմք հանդիսացել հաշվարկների համար։

«Գազպրոմ Արմենիա»-ն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն ոչ բավարար: ՀԾԿՀ-ում ընթացող նիստի ընթացքում այս մասին հայտարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ հանձնաժողովի առաջարկած հազար խորանարդ մետր գազի 266,7 դոլար միջին սակագինը բավարար չէ, պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար, և ոչ թե ինքը կամ մյուսն են այդպես ուզում, այլ դա պահանջում է տեխնիկական կանոնակարգը։

«Այսինքն, մենք հուլիսի 19-ին պետք է 1000 աշխատող կրճատենք, նորմատիվից 2000 պակասով էլ աշխատենք, որը բարդություն է իրենից ներկայացնում։ Եվ դրա հետ միասին՝ նաև ընթացիկ շահագործման հետ կապված հումք նյութերն են պակասում 50 տոկոսով՝ 8 միլիարդից դարձել է 4 միլիարդ։ Հիմա հարց է՝ ո՞ր 1000 հոգուն կրճատեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Թադևոսյանի խոսքով՝ աշխատանքը շարունակողների աշխատավարձերն էլ ստիպված են լինելու կրճատել: