Գազի գինը 36 տոկոսով կթանկանա անապահովների համար. Բաբաջանյան

8
ԱԺ նիստում իր ելույթում պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր անդրադարձավ Հայաստանում գազի սակագնի թանկացման հարցին։

Նա նշեց, որ երեկ հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ բաժանորդների գազի գինը բարձրացնելու հայտը ու սեփական առաջարկություններն է ներկայացրել։ Ըստ հանձնաժողովի առաջարկի՝ Հայաստանում բնական գազի գնաճը կկազմի 4․5 տոկոս, գազի գինը սպառող քաղաքացիների համար չպետք է թանկանա։ «Գազպրոմ Արմենիան» իր ներկայացրած հայտում առաջարկել էր նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի հետևանքով գազի գինը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունները։

«Իր հայտում «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է մի քանի փոփոխություններ ևս, որոնք ընդունելու դեպքում գազի գինը միջիմում 11 տոկոսով կթանկանա։ Այսպիսով, հերթական անգամ մենք կանգնում ենք սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում, խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու գազի սակագինը։ Խնդիրը տվյալ դեպքում թանկացման փաստն է ինքնին, որովհետև այդ թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկայում էներգակիրների, այդ թվում՝ գազի էական էժանացման դեպքում։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը։ Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական բաղադրիչ։ Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր։ Ընդ որում, ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում 2013 թվականին կնքված գազային խայտառակ պայմանագրի հետևանքով է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում, այդ թվում՝ գազասպառման համակարգի նկատմամբ»,- ասաց Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ այս արատավոր իրավիճակից միակ ելքն այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է, դա բարդ, բայց այդուհանդերձ, անխուսափելի գործընթաց է։