Գագիկ Ծառուկյանի փաստաբանների ներկայացրած հաղորդումն ուղարկվել է քրեական ոստիկանություն. Փաստինֆո

14
Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի նյութերը տարածելու դեպքի առթիվ գործ հարուցելու փաստաբանի հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին դատախազությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, ինչին հաջորդել էր իշխանության կտրուկ արձագանքը։ Մասնավորապես՝ հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նախազգուշացրել էր քրեական գործերի մասին՝ նշելով, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Իսկ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքում հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ՝ «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ»։ Այս հայտարարություններին հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերի տարածումը սոցիալական ցանցերով։

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի նյութերը տարածելու փաստի առթիվ։