Բունդեսթագում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը հետաձգվել է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի պատճառով

7

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը փետրվարի 25-ին քննարկվել է Բունդեսթագում և հերթական անգամ դրա ընդունումը հետաձգվել է:

Նշենք, որ 2015-ի մայիսին բանաձևի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվել էր: Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» (Die Linke) և «Կանաչների» (Die Grüne) կուսակցությունները:

Գերմանիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ կայքի պատասխանատու, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Վարուժան Բաբախանը, անդրադառնալով փետրվարի 25-ին Բունդեսթագում կայացած քննարկումներին, որոնց, ի դեպ, մասնակցում էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրել է.

«Քիչ առաջ ավարտվել է Գերմանիայի Բունդսթագում կանաչների կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը։ Քրիստոնյա-դեմոկրատ, Սոցիալ-դեմոկրատ և Քրիստոնեական միություն կուսակցությունները ժամկետի հետ համաձայն չէին, նշում էին, որ դա կվնասի մյուս շաբաթ Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովին»։

Նրա խոսքով՝ բոլոր կուսակցությունները միաձայն ընդունում էին Հայոց Ցեղասպանությունը, ոչ մեկը չէր ժխտում կամ տարակուսանք հայտնում, միայն թե ժամկետի հետ համաձայն չէին, Թուրքիայի հետ փախստականների հարցով ուզում են հասնել համաձայնության։

Քրիստոնյա-ֆդեմոկրատներն առաջարկել են բանաձևը քվեարկության չդնել և մինչև 2016 թվականի ապրիլ 24-ը միասնական համաձայնության գալ և միասնական բանաձևը այն ժամանակ ավելի բարենպաստ վիճակում քննարկման դնել։