Բուհ ընդունվելու համար մեկ քննություն կհանձնեն դիմորդները

3

Բուհերում ավարտական քննությունները ձևն ընտրում են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում՝ պահպանելով համավարակի կանոնները: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեդալի քննություններ ևս չեն իրականացվելու, հավականորդներին հնարավորություն կտրվի մասնակցել հաջորդ ուսումնական տարում»,- նշեց նա:

Անդրադառնալով բուհերի ընդունելության քննություններին՝ նախարարը նշեց, որ մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչև հունիսի 15-ը:

Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը մի քանի մասնագիտությունների համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով:

«Այսինքն՝ դուք հասկացաք, չէ՞, մենք մեկ քննություն ենք հանձնելու: Բուհերի հետ դեռ քննարկում ենք և մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից որն է լինելու այդ միակ քննության առարկան: Մենք սա արեցինք, որովհետև ցանկացանք, որ ոչ միայն ատեստատներով լինի ընդունելություն, այլ նաև գիտելիքը ստուգենք: Քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, սահմանափակ դիմորդներ կլինեն մեկ տարածքւոմ՝ դիմակներով, ախտահանման միջոցներով»,- մանրամասնեց նա:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ ինչ վերաբերում է Վերջին զանգի արարողությանը, միայն համավարկի ավարտից հետո կորոշեն մեկ օր, և այն կանցկացվի: