Բողոքի ակցիաները շարունակվում են (Լուսանկարներ, տեսանյութ)

8

«Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ՝ ժամը 08.00-ին, արդեն Հանրապետության հրապարակում էր: Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց կարմիր բերետավորների և ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց: Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց պասիվ դիմադրություն ցուցաբերել:

Ոստիկաները բռնի ուժով բերման ենթարկեցին 122 ցուցարարների, որոնց թվում կային նաև անչափահասներ: 

Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ լքեց Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքը և Վերնիսաժի միջով քայլեց դեպի Խանջյան փողոց, այնուհետև Ագաթանգեղոս, հետո քայլեցին դեպի Փեթակ տոնավաճառ: Այնտեղ մի փոքր բախում տեղի ունեցավ: 

Քայլերթից հետո ցուցարարները որոշեցին չնստել Երևանի քաղաքապետարանի մոտ և քայլերթը շարունակեցին հարակից «Կոմայգի», որտեղ էլ նստեցին հանգստանալու:

Երեկոյան ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը: Հրապարակը բազամամարդ էր: Ելույթ ունեցան տարբեր նախաձեռնությունների անդամներ, Կանադայից հեռախոսազանգով կապվեց նաև դերասանուհի Արսինե Խանջյանը, ով իր զորակցությունն ու քաջալերանքը փոխանցեց հավաքի մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հաջորդ օրվա երթուղին՝ շեշտելով, որ անհնազանդության գործողությունները շարունակվելու են նաև վաղը, ինչպես նաև ցուցարարներին առավոտյան հրավիրեց հրապարակ: Հանրահավաքն ավարտվեց երթով:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Բողոքի ակցիաները շարունակվում են (Լուսանկարներ, տեսանյութ)Բողոքի ակցիաները շարունակվում են (Լուսանկարներ, տեսանյութ)