Բնական գազի պարտք ունի մոտ 112.000 բնակիչ-բաժանորդ. «Գազպրոմ Արմենիա». 168.am

7

«2020 թվականի ապրիլի 30-ի դրությամբ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չեն վճարել 111.944 բնակիչ-բաժանորդ»: 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Ընկերությունից պարզաբանում էինք խնդրել նաև, թե Կառավարության՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ միջոցառումների շրջանակում քանի՞ բնակիչ-բաժանորդների սպառած բնական գազի վճարի՝ համապատասխանաբար՝ 30 և 50 տոկոսն է փոխհատուցել կառավարությունը, և ինչքա՞ն է կազմել այդ գումարը:

«2020 թվականի փետրվարին սպառած բնական գազի համար 50% փոխհատուցում է տրամադրվել 215.695 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցման գումարը կազմել է 474 մլն 909 հազար 616 դրամ:

2020 թվականի փետրվարին սպառած բնական գազի համար 30% փոխհատուցում է տրամադրվել 206.136 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցման գումարը կազմել է 1 մլրդ 223 մլն 969 հազար 165 դրամ»,- նշված է ընկերության պատասխանում: