ԲՀԿ-ն ընդդիմություն է, բայց արտահոսքը շարունակվում է

8

ԲՀԿ արտահերթ համագումարից հետո հայտարարեց արդեն նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ընդդիմություն է լինելու:

«Մենք պետք է գծենք ճանապարհային մեր քարտեզը, մեզ որոշակի քայլեր են պետք, հապճեպ քայլեր չենք անելու»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի հրաժարականին հաջորդեց ԲՀԿ-ականների արտահոսքը: Մասնավորապես կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարեց նախկին ԱԳ ղեկավար Վարդան Օսկանյանը՝ նշելով. 

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու:

ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը»:

Կուսակցությունից դուրս եկավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը. «Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ»: