Բժշկական սորտավորումը հենց սկզբից էլ իրականացվել է. Արսեն Թորոսյան

18
Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել անկման մասին, այո, մենք օրեր ենք ունեցել, որ 700 դեպք ենք ունեցել, սակայն այսօր էլ 612 նոր դեպք ունենք, ինչը ցածր թիվ չէ մեր նման երկրի համար եւ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր գործողությունները պետք է ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ։ Օրինակ՝ 15 հազար դեպքի մենք պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին, ինչը լավ է։ Մենք հզորությունները զարգացնելուն զուգընթաց պետք է ծանր ու ծայրահեղ ծանր անձանց թվին պետք է ուշադրություն դարձնենք։ Մենք կկարողանանք նոր ռեանիմացիոն մահճակալներ բացելուց եւս 100 կամ 150 ծայրահեղ ծանր դեպք սպասարկել, բայց ծայրահեղ ծանրի մահացության դեպքերը շատ մեծ են։ Հետեւաբար, մեծ թվերը բերում են մեծ թվով մահացության»,- ասաց նախարարը։

Հարցին՝ արդյոք այս ընթացքում արդեն իրականացվո՞ւմ է բժշկական սորտավորում, Թորոսյանն ասաց. «Բժշկական սորտավորումը օգտագործվում է միշտ եւ օգտագործվելու է, այլ կերպ կոչվում է տրիաժ, որը հենց սկզբից էլ իրականացվել է։ Երբ պացիենտի վիճակի գնահատականից հետո որոշվում է, թե ինչ բուժօգնություն պետք է իրեն ցուցաբերվի։ Հիմա տրիաժի սկզբունքներն այնպիսին են, որ թեթեւ եւ միջին ծանրության դեպքերը բուժում ստանալու են տանը, դուրս են գրվելու նաեւ ծանրության աստիճանի թեթեւացումից հետո»։